12 մայիսի 2009 - 21:26 AMT
ԱՄՆ դեսպանն արդարացրել է Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարության խախտումը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հիմնավորված է համարում Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարության խախտումը: Մասնավորապես այն փաստը, որ վարչակազմի կողմից Հայաստանի համար առաջարկված բյուջետային հայտագրում որպես ռազմական ֆինանսական օգնություն նախատեսվում է 3 մլն դոլար, իսկ Ադրբեջանի համար` 4 մլն դոլար, ամերիկյան դիվանագետը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ֆինանսական օգնության մեծացումը պայմանավորված է խաղաղապահ ու ռազմածովային անվտանգության ասպարեզում ԱՄՆ գերակայությունների հետ, մասնավորապես` Կասպից ծովում թմրադեղերի տարածման եւ անօրինական փոխադրումների դեմ պայքարի հետ:
«Հայաստանի - Ադրբեջանի համար պահանջվող օժանդակության ծավալները մանրակրկիտ քննության են առնված ու կշռադատված, որպեսզի բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում ռազմական հավասարակշռվածության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա»,- հայտարարել է Մարի Յովանովիչը, նշելով, որ յուրաքանչյուր կողմ ստանում է համապատասխան ծավալով օգնություն:
ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում նաեւ խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 30 մլն դոլար: Ավելին, այս անգամ բյուջեի մեջ ընդգրկված չէ ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու մասին կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել է 8 միլիոն դրամի հումանիտար օգնություն:
Բացի դրանից, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: