6 հունիսի 2024 - 18:34 AMT
Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբը։

Այն ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։