7 հունիսի 2024 - 10:41 AMT
Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է

Հունիսի 7–ի առավոտվա տվյալներով, Երևան–Սևան ճանապարհին նախորդ գիշերվա պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից 2–ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Մյուս 4 պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Փրկարար ծառայությունը հայտնել է, որ Երևան-Սևան ճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, hոսպիտալացվել է 7 քաղաքացի։

Ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ճանապարհի 16-18 կմ հատվածը բաց է, երթևեկությունը վերականգնված է։

Դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՔՕ 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը), 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։