7 հունիսի 2024 - 11:40 AMT
Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այդ մասին նա ասել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹյուրքԽՎ) անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։

Ըստ Ալիևի, եթե Հայաստանը գերադասի պահպանել Մինսկի խումբը, «նշանակում է՝ նրա տարածքային պահանջները շարունակվում են», գրում է APA-ն։

Նա ասել է, որ հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացում մի քանի հարց դեռևս բաց է մնում։

«Հարցերից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որտեղ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ։ Երկրորդը՝ պետք է վերջ դնել ՀՀ անհիմն տարածքային պահանջներին Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ։

Եվ, անշուշտ, մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Ադրբեջանն ու Հայաստանը միասին դիմեն ԵԱՀԿ–ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ ՄԽ–ի գոյության որևէ անհրաժշետություն չկա, հիմա այն չի գործում։ Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի։ Եվ դա ցույց կտա, թե որքանով է Հայաստանն անկեղծ։ Եթե Հայաստանը գերադասի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է նրանց տարածքային պահանջները մեր հանդեպ շարունակվում են»,–ասել է Ալիևը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինկսի խումբը լուծարելու անհրաժշետության մասին Ալիևը հայտարարել էր նաև մայիսի 14–ին։ Այդ մասին նա խոսել էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացրել է, և չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի», -ասել էր նա։