7 հունիսի 2024 - 12:57 AMT
ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար

Եվրամիությունը դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն կտրամադրի Հայաստանին կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար։ Բյուջետային աջակցությունը նախատեսված է ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրով։

2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը:

Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո:

«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր 330 դպրոցներում վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդաբանությամբ։

Նախատեսվում է նաև Սյունիքի մարզում 13 կրթահամալիրների կառուցում, որոնցից 7-ը՝ Կապանում, իսկ 6-ը՝ Գորիսում։ Սյունիքի մարզի 13 դպրոց-կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, որոշ դպրոցների շինանրարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Դպրոցների կառուցման, վերանորոգման, լաբորատորիաների ստեղծման բաղադրիչից բացի՝ ծրագիրը ներառում է աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ աջակցություն։ Լրացուցիչ տեխնիկական աջակցություն է տրվելու ԿԳՄՍ նախարարությանը՝ ապահովելու բոլոր մակարդակներում ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի արդյունավետ իրականացումը: