7 հունիսի 2024 - 12:58 AMT
ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են

ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին։

Նշվում է նաև, որ ՀՀ–ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:

«Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»«–ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն չի պատասխանել Ալիևի մեկ այլ թեզին՝ այն մասին, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել էր, որ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանը։ Նա ասել է, որ դրական դինամիկա է նկատվում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: