7 հունիսի 2024 - 13:16 AMT
ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից

ՆԳՆ–ն նոր տեղեկություններ է հայտնել Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի տարածքում պայթյունից՝ նշելով, որ արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռններից հրդեհի բռնկումով։

Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել են բազմաթիվ ահազանգեր.Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, բռնկվել էր հրդեհ։ Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի

Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով, դիզելի ցիստեռնը 8 տոննա և բենզինինը 12 տոննա։

Հունիսի 7-ի ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը։

«Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:

Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։

Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել էր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 7–ի ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։