7 հունիսի 2024 - 13:50 AMT
Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա նաև ասել է, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։

«Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։

Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։

Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։

Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։

Այս ամենը կարելի է կանգնացնել ու փոխել ընթացքը։ Դրա այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ–ն չի պատասխանել Ալիևի մեկ այլ թեզին՝ այն մասին, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։