7 հունիսի 2024 - 14:38 AMT
Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան խորհրդակցություններից հետո՝ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։

«Խորհրդակցությունների համար դեսպանին կենտրոն կանչելը սովորական դիվանագիտական մոտեցում է։ Հենց դրա շրջանակում է Սերգեյ Կոպիրկինը կանչվել խորհրդակցությունների համար, որոնք անցկացվել են։ Կարծում եմ, շուտով կարելի է ակնկալել նրա վերադարձը Երևան, իր պարտականությունների կատարմանը»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պատասխանելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին հարցին՝ Գալուզինն ասել է, որ «դրա մասին խոսք չկա»։

«Դեսպանը կանչվել է խորհրդակցությունների համար, նա հետ չի կանչվել։ ՌԴ–ն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–ասել է նա։

Նա հավելել է, որ «լինում են տարակարծություններ, բայց դա չի նշանակում, որ իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։

Մայիսի 24–ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կորպիրկինի կանչը Մոսկվա, նշել է, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Զախարովան հորդորել էր Փաշինյանին հրապարակավ ասել, թե ՀԱՊԿ կոնկրետ որ երկրներից դժգոհություն ունի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը։