8 հունիսի 2024 - 12:12 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն «իրավունք ունի պահանջելու», որ ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անմիջական առնչություն ունեն Ադրբեջանի ազգային անվտանգությանը, հանվեն։ Նա այդպես է պատասխանել ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

«Այսօր իրոք խնդիր են Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանին միավորման» կոչ կա։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու, որ այդ դրույթը հանվի ՀՀ Սահմանադրությունից, քանի որ անմիջապես առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը և չի կարող որակվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,–ասել է Հաջիզադեն, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ Հաջիզադեի, ՀՀ ԱԳՆ այն տրամաբանությունը, որ այդ խնդիրը կարելի է անտեսել, ցուցադրում է, որ Երևանը «շահագրգռված չէ կայուն խաղաղության մեջ»։

Ըստ նրա, «Հայաստանն Ադրբեջանի անկեղծությանը կասկածելու ոչ մի բարոյական իրավունք չունի, քանի որ գործընթացի նախաձեռնողը հենց Բաքուն է եղել»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։