11 հունիսի 2024 - 11:00 AMT
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները գիշերել են Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ տասնյակ վրաններ են տեղադրված։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր քաղաքացիական անհնազանդության ակցիաների վերսկսման մասին:

Շարժման առաջնորդի խոսքով` չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, նա չի նշել, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունիսի 11–ի առավոտյան շարժման անդամներն ու կողմնակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները։ Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ» Telegram ալիքը, վաղ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան։

Ոմանք ակցիա են արել Վարդանանց փողոցում` ճանապարհը փակելով աղբամաններով։

Երիտասարդներն անհնազանդության ակցիա են արել նաև Տիգրան Մեծի պողոտայում։

Ազգային ժողովի խորհուրդը մերժել է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։