11 հունիսի 2024 - 11:44 AMT
Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին խորհրդակցությունների համար կանչել էին Մոսկվա, վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կոպիրկինը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Գալուզինը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։

Գալուզինը կրկին նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի 24-ին էր հայտարարել Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դեսպանի կանչը Մոսկվա, նշել էր, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։ ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։