11 հունիսի 2024 - 13:36 AMT
Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա

ԱՄՆ–ն Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Այդ մասին Երևանում ընթացող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ես այստեղ եմ` վերահաստատելու մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններով։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ազդեցիկ ջանքեր են իրականացվել բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտրվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում։ ԱՄՆ-ն հպարտ է աջակցել այս ջանքերին»,-նշել է Օ՛Բրայենը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։

«Ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ տեսանք։ Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,- մանրամասնել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։

ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։ Ամփոփիչ նիստի ժամանակ Միրզոյանը հայտարարել է, որ կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը։