11 հունիսի 2024 - 18:01 AMT
ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ, հայտնում է Արմենպրեսը։

«ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Երևանում ընթացող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ ԱՄՆ–ն Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։

«Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,- մանրամասնել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։