12 հունիսի 2024 - 11:32 AMT
Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 11–ին Գերմանիա այցի շրջանակում իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի սահմանադրությունից։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, որ Բայրամովը պատմել է Ադրբեջանի և ՀՀ միջև հետկոնֆլիկտային շրջանում տիրող իրավիճակի և իրողությունների մասին, ինչպես նաև Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա», գրում է Turan.az-ը։

«Նշվել է, որ ՀՀ սահմանադրությունում պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի հանդեպ խոչընդոտ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հարցեր նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցով COP29 խորհրդաժողովին ընդառաջ։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։