12 հունիսի 2024 - 17:32 AMT
Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Կարող է ձևավորվել իրական խաղաղություն կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիր, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեիսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը լուծվելու են։

«Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։