12 հունիսի 2024 - 17:56 AMT
Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ակնարկել է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարել է, որ ՀՀ նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է ՀՀ դեմ պատերազմը։

«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով` հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը վստահեցրել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա։

«Մենք այսօր վստահ ասում ենք, որ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել, ու վաղը արհավիրք տեղի չի ունենա։ Բա ես եմ եկել, էն ժամանակ ասել մեր պետությանը վտանգ ա սպառնում, իսկ հիմա ասում եմ համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ ու սահմանազատված սահմաններով Հայաստան»,– ընդգծել է Փաշինյանը։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։