13 հունիսի 2024 - 10:36 AMT
ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է

Հունիսի 13–ի ժամը 9։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում հունիսի 12–ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան, հայտնում է առողջապահության նախարարությունը:

85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

16 անձ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն՝ ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։