13 հունիսի 2024 - 12:02 AMT
Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով հունիսի 12–ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախմանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանների միջև, ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները փորձել են հարձակվել ոստիկանների վրա, իսկ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և պրոֆեսիոնալ:

Նա հավելել է, որ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանություն գործելու է նույն կերպ։

«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակվեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը և ՀՀ պետականությունը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն», - ասել է վարչապետը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։