13 հունիսի 2024 - 16:03 AMT
Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ պարզելու համար Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով։

Նա այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Փաշինյանը հունիսի 13–ին պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։

«Մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր գերակայությունները։

«Մեր առաջնայնությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պայքարում ենք դրանց համար, անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում այդ գերակայությունները մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,–ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Photo. Reuters