13 հունիսի 2024 - 17:59 AMT
The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին

Բրիտանական The Guardian–ը հոդված է հրապարակել COP 29-ը հյուրընկալող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, լրագրողներին ճնշելու, քաղբանտարկյալների մասին, անդրադաձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։

Հոդվածում անդրադարձ կա նաև Բոննում COP 29-ի նախապատրաստական հանդիպման ընթացքում կազմակերպված բողոքի ակցիաներին, որի շրջանակում մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ բանտարկյալներին, նշվել է, որ որոշ ցուցարարներ կառավարությանը մեղադրել են ցեղասպանության մեջ։

«2023–ին պատերազմը հարևան Հայաստանի հետ վիճելի տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի համար, ավարտվեց նրանով, որ 100,000 մարդ ստիպված եղավ լքելու իր տունը։ Մինչդեռ Ալիևի գլխավոր խորհրդականներից մեկը մի քանի շաբաթ առաջ հայտարարել է, թե մտադիր են COP 29-ը վերածել «Խաղաղության Cop»–ի և հորդորել էր հրադադար հայտարարել և բանակցությունների ամբողջ ընթացքում դադարեցնել ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Human Rights Watch–ը լրագրողների կամ ակտիվիստների կալանավորման կամ դատապարտման առնվազն 25 դեպք է գրանցել Ադրբեջանում միայն 2023–ի ընթացքում։

«Ադրբեջանը նոյեմբերին կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների հարցերին նվիրված COP29 գագաթնաժողովը, որի ընթացքում մոտ 200 կառավարություններ, այդ թվում՝ տասնյակ պետությունների ղեկավարներ, պետք է նոր գլոբալ մոտեցում մշակեն կլիմայական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ:

Ադրբեջանը բռնապետություն է, որտեղ սահմանափակված են ԶԼՄ–ների և քաղաքացիական ազատությունները, որը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Transparency International–ի վարկանիշում Ադրբեջանը 2023–ին զբաղեցրել է 154-րդ տեղը՝ 180 պետությունների շարքում: Երկրում փաստացիորեն գոյություն չունի արդյունավետ քաղաքական ընդդիմություն, իսկ նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին ընտրությունների արդյունքում հավաքել է քվեների ավելի քան 92 տոկոսը և պաշտոնավարում է արդեն 5–րդ անգամ անընդմեջ»,–ասվում է հոդվածում։

Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին։ «Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ազատել իրենց հիմնական իրավունքների իրացման համար դատապարտվածներին, արժանապատիվ և անվտանգ պայմաններ ապահովել կալանավորների համար»,–ասվում է հայտարարության մեջ։