13 հունիսի 2024 - 18:01 AMT
Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների

Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, գրում է «Բելտան»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ «Այս պահից սկսած Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,–ասել է նա։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:

«Բոլորս ենք տեսնում, թե ինչ բարդ ներքաղաքական վիճակ է Հայաստանում, ինչպես է արագ սրվում առճակատումը երկրում։ Եվ տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ էմոցիոնալ ծանրաբենռվածությանը։ Դա մենք կարող ենք հասկանալ։ Բայց ի՞նչ կապ ունի Բելառուսը»,–ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Ըստ նրա, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այդ հարցը։

«Հաշվի առնելով զարգացումները, մեր դեսպանը Երևանում առաջիկայում նույնպես կժամանի Մինսկ»,–ասել է Գլազը։

Նա նշել է, որ եթե Հայաստանում ցանկանում են «ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից արտաքին թշնամու կերպարով, ապա դա անհեռատես դիրքորոշում է»։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։