Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում: Այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
«2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից»,-ասել է ԿԲ նախագահը, հայտնում է Արմենպրեսը։
Գալստյանը դա հիմնականում պայմանավորել է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:
12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում:
Նշվել է, որ նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում:
«Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024-ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում»,-ասել է ԿԲ նախագահը: