13 հունիսի 2024 - 18:45 AMT
ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ։

«Սա կբերի նոր փակուղու՝ լցված թշնամանքով ու չարությամբ։

Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի։

Փշալարերը և հատուկ միջոցները ոչ միայն ժամանակավոր, այլև՝ խիստ անհեռանկար ճանապարհն են՝ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման և միասնական ելքեր գտնելու համար։

Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում երեկ վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և ոստիկաններին»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։