14 հունիսի 2024 - 10:32 AMT
ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Երևան։

Նա կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին։ Պետքարտուղարի առաջին տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մի քանի օր առաջ Երևան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ գալիք տարում կապերի խորացման տեսլականը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: