14 հունիսի 2024 - 10:53 AMT
Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացրել է վրանները Բաղրամյան պողոտայից, երթևեկությունը վերականգվել է։

Հունիսի 13–ի երեկոյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում հայտարարել էր, որ հունիսի 14–ից Բաղրամյան պողոտան կբացվի, վրանները կհավաքվեն, իսկ շարժումը պետք է վերադասավորվի։

«Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավարտված է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան քաղաքական մի շարք ուժի հետ։

«Ես ուզում եմ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին․․․ Ես երկվություն ունեմ, պարզ ասում եմ, որևէ վայրկյան չեմ խաբելու, իմացեք, ինչ կամ՝ ձեր դիմացը կանգնած եմ՝ էությամբ, հագուստով, ինչ կամ»,–ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Ազգային ժողովում տեղի ունենալիք նիստի օրը։

Բաղրամյան պողոտան փակ էր հունիսի 9-ից, երբ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։