14 հունիսի 2024 - 12:54 AMT
Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկը մահացել է։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու բուժառուներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Նախարարի խոսքով՝ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք, նրանք դեռ կշարունակեն բուժական ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- հավելել է Ավանեսյանը։

Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության էր դիմել 7 քաղաքացի։