14 հունիսի 2024 - 13:34 AMT
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը։

Դրա հիմնական խնդիրներն են` իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովումը, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք։

Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ–ից Իրան արտահանման ծավալներում։ Դրանք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր, հայտնում է Sputnik Արմենիան։

Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասսայե արտադրանքի մասով։

Համաձայնագրի շրջանակում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումը Իրան կապահովվի առանց անցումային ժամանակաշրջանների։

Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը: