14 հունիսի 2024 - 13:37 AMT
Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, ասել է, որ Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների ընդամենը մի փոքրիկ մաս, որովհետև այնուամենայնիվ ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր մնում միջոցներ կիրառելուց:

«Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց, որովհետև մարդիկ, ովքեր այլ պլանավորում ունեին, իրականություն չդարձավ»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ պլանավորված էր, որ ժամը 3-ին անելիք ունեն։ Քոչարյանը նշել է, թե էմոցիոնալ ֆոնը ստեղծվել էր և բախումը դարձավ անկառավարելի, որն էլ բերեց այդքան վիրավորների։

Նա նկատել է, թե փորձ է արվել Արծվիկ Մինասյանի կողմից բախումը նմանեցնել Մարտի մեկին։

«Անթույլատրելի համեմատություններ են, որովհետև Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր։ Սա ուրիշ բան էր՝ հարձակում ոստիկանական ուժերի միջով ճեղքում կազմակերպելով։ Ճեղքումն ինչ զարգացում կունենար՝ մենք բազմիցս տեսել ենք, և քանի որ դա չստացվեց, շարժվեցին կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Եթե գնային և Նիկոլ Փաշինյանն այնտեղ լիներ՝ ի՞նչ ավարտ էր ունենալու»,-նշել է նա։

Այն հարցին, թե ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել, որ բոլորն էլ բեկորային վնասվածքներ են ստացել՝ Քոչարյանը պնդել է, որ կիրառվել են լուսաձայնային միջոցներ, որպեսզի այդ լարվածությունը թուլացվի։

«Այո, բեկորներ լինում են»,–ասել է նա՝ պատասխանելով այն հարցին թե դրանցից այդպիսի բեկորներ լինո՞ւմ են։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։