14 հունիսի 2024 - 14:11 AMT
Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասել է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր տարածած ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում։

Նա այդպես է կարծում՝ հիմնվելով ընթացող, խաղաղությանը միտված գործընթացների վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներ ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»,- ասել է Քոչարյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ արդեն 3–րդը վերջին 24 ժամվա ընթացքում։ Ադրբեջանի տարածած բոլոր ապատեղեկատվական հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին։