14 հունիսի 2024 - 16:47 AMT
Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նախկինի պես աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում, սակայն թույլ չի տա, որ «ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար»:

«Բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը՝ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր պլանային նպատակների համար: Կրկնում եմ՝ մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի: Ես երեկ Ազգային ժողովի ամբիոնից էլ առիթ ունեցա ասելու՝ հույս ունեմ, որ այս ուղերձի հասցեատերերը կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,-ասել է նա:

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Հունիսի 15–ից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն, հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենցաներ էին խմում ու իրենց մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին»։ Նա նաև ասել է, որ «այդ մարդիկ մի քանի միլիարդ դոլարի զենք են հանձնել Ադրբեջանին»։

«Հիմա եկել, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց թող կղերաֆեոդալական էլիտան իմանա, որ Հայաստանում կառավարության փոփոխություն չեն կարող իրականացնել»,–ասել է Փաշինյանը։