14 հունիսի 2024 - 17:09 AMT
Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ

Երևանը բելառուսական կողմին բողոքի նոտա է ներկայացվել Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,–ասվում է նրա գրառման մեջ։

Հունիսի 13-ին երկու երկրների դեսպանները հետ են կանչվել՝ խորհրդակցությունների նպատակով:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հունիսի 13–ին հայտարարել էր. «Մենք չենք պատրաստվում վատթարացնել ՀՀ հետ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն դրան Հայաստանի ղեկավարությանը։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր բարեկամներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։

Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։