14 հունիսի 2024 - 19:06 AMT
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024–ի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։