17 հունիսի 2024 - 11:05 AMT
Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն

Հունիսի 16–ին Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Շիկահողի բնակիչների հետ, խոսել սահմանազատումից, հետաքրքրվել գյուղի խնդիրներով և կարիքներով, հայտնում է Factor.am-ը։

«Սահմանազատում պետք է անենք: Ոսկեպարում ոնց ենք անում՝ սահմանազատված հատվածներում փշալարերով ցանկապատի նման քաշում ենք, ոչ անասուն կարա անցնի, ոչ մարդ»,–ասել է Փաշինյանը։

Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է։

Փաշինյանը սահմանազատման անհրաժշետության մասին է խոսել նաև Ներքին Հանդում, հայտնում է Panorama.am-ը։

Ցուցադրելով Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը՝ նա ասել է. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է․ ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են: Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:

Փաշինյանը Սյունիքում նաև ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին, այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկիզբ է առել Ոսկեպարում, Կիրանցում և մյուս սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի հետ սահմանազատման մեկնարկին զուգահեռ։