17 հունիսի 2024 - 12:28 AMT
Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել

Սյունիք աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շուռնուխի 13 նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը:

44-օրյա պատերազմից հետո Շուռնուխի գյուղի 13 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր։

Բնակելի տուն կորցրած յուրաքանչյուր ընտանիք կստանա բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ «բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին»: Նա հավելել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է։