17 հունիսի 2024 - 12:47 AMT
Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը

Հունիսի 17-ին Երևանում մեկնարկում է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Նշվում է, որ նիստը կբացեն Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։ Նրանք հունիսի 17-ին և 18-ին կքննարկեն քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների հետ համագործակցության, տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցեր:

Ակնկալվում է, որ համաժողովում կհայտարարվի ԱՄՆ Մոնտանա նահանգի Հելենա քաղաքի և Ստեփանավանի, Փենսիլվանիայի Սկրանթոն քաղաքի և Արմավիր համայնքի, ինչպես նաև Միչիգան նահանգի և Տավուշի մարզի միջև գործընկերություն հաստատելու մտադրության մասին։

Հունիսի 18-ին, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մի քանի օր առաջ Երևան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ գալիք տարում կապերի խորացման տեսլականը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: