17 հունիսի 2024 - 13:27 AMT
«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը, հայտնում է փառատոնի լրատվական ծառայությունը։

Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

Ժյուրիի մյուս անդամը Փիթեր Սքարլեթն է՝ ամերիկացի կինոգետ, ով երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Ալեքսանդրիա Բոմբաքն ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։

Ժյուրիի կազմում են նաև Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից, և Խայմե Մարտին Նոգերան՝ իսպանացի մշակութային մենեջեր, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը։«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: