17 հունիսի 2024 - 14:33 AMT
Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, մինչև նոր ավտոբուսները հասնեն Երևան և շահագործվեն, հայտնում է Արմենպրեսը։

Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

Անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Գրիգորյանն ընդգծել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ից: Ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ: