«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Եռաբլուրում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դնում մանդատները, ասել է, որ օրակարգում այդ հարցը կա, բայց պետք է հասկանալ՝ մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի։
Նա ասել է, որ քաղաքական գործընթացները, ամբողջ ընթացքը կորոշեն, հայտնում է Panorama.am-ը։
«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն, իրենք էլ են բազմաթիվ առիթներով ասել, մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ կա։ Դա կախված է, թե արդյունավետությունն որն է լինելու, ինչպես, երբ։
Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա, մարդիկ չեն մերժում, իրենք էլ են հասկանում՝ ինչ վիճակում են գտնվում»,–ասել է նա։ ։
Հայտնի է դարձել նաև, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն չի մասնակցի ԱԺ դիմաց հունիսի 17–ի հավաքին։ Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խոսնակ Հասմիկ Գաբրիելյանն ասել է, որ նա Հայաստանում չէ, գրում է Panorama.am-ը։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի հարևանությամբ բախումներին ընդառաջ տեղեկություն տարածվեց, որ Սուրեն Պետրոսյանին առևանգել են։ Իրավապահ մարմինները հայտնեցին՝ Պետրոսյանը ոչ ոստիկանություն ոչ էլ ԱԱԾ չի տարվել։ Պետրոսյանը երկու անգամ մեկնաբանությամբ է հանդես եկել տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն դրանցից հարցերն ավելացել են։
Կուսակցությունից չեն պատասխանել այն հարցերին, թե ո՞ր երկրում է Պետրոսյանը, ի՞նչ նպատակով է մեկնել ու Երևանում չէ հենց այն օրը, երբ պետք է ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի։
«Չեմ կարող ասել։ Ինքը հանդես կգա հայտարարությամբ ու այդ մանրամասները կասի, չեմ ուզենա այս պահին կցկտուր տեղեկություններ փոխանցել ձեզ»,-ասել է խոսնակը։
Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։