18 հունիսի 2024 - 10:59 AMT
Բագրատ սրբազան․ Առաջիկա օրերին կայցելենք մարզեր, գործիքակազմը կընդլայնվի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 17–ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ, խոսելով անելիքների մասին, ասել է, որ առաջիկա օրերին ծրագրում են այցելել շրջաններ, նաև այն հատվածներ, որտեղ ծառայել է սրբազանը։

«Շարժումը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով։ Այն պետք է ծավալվի ՀՀ ամբողջ տարածքով։ Շուտով դուք էլ որպես մասնակիցներ ոչ միայն ականատես կլինեք, այլև՝ ներգրաված։ Մենք ենք լինելու օրակարգ թելադրողը»,- ասել է նա, հայտնում է Panorma.am-ը։

Ինչ վերաբերում է շարժման քաղաքական լուծումներին, սրբազանն ասել է․ «Բոլոր լուծումները քննարկված են և ընդունելի են։ Բոլոր առաջարկները քննարկվում են, և բոլոր կողմերից ընդունելի են։ Մենք ժամանակի և արդյունավետության հարց ունենք։ Էդ թեման կգործի՝ ըստ նպատակահարմարության և ժամանակի, ոչ ոք դա չի բացառել։ Այո, մենք շատ ենք ուզում, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Ոչ ոք կառչած չէ իր մանդատից, դրա ժամանակն էլ կգա։ Մեզ պետք է արդյունք արձանագրել»։

Նա նաև ասել է, որ ընդլայնելու են գործիքակազմը։

Սրբազանը հայտարարել է, որ հունիսի 12-ը, երբ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժից բացի, կիրառվեցին նաև լուսաձայնային նռնակներ, նոր խարան է գործող իշխանության ճակատին, գրում է Aysor.am-ը։

«Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին։ Եվ դա վկայում է, որ ՀՀ քաղաքացին գտնվում է մի մեծ կալանավայրում, մեծ բանտում»,- ասել է նա։

Հունիսի 17–ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նիստի օրակարգում էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։