18 հունիսի 2024 - 16:07 AMT
ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ քննարկվելու գործակցության հեռանկարները Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի շրջանակում:

ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում ԿԳՄՍ նախարարն այցելություններ կունենա մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարան, Մյունխենի Բունդեսվերի համալսարան:

Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ, ինչպես նաև այցելություններ Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, Neues թանգարան, Լայպցիցի գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ GWZO (Leibniz-Institut für Geschichte und Kultur des östlichen Europa), որոնց պատասխանատուների հետ կքննարկվեն ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծում է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։