18 հունիսի 2024 - 16:57 AMT
Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:

Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։

Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։