18 հունիսի 2024 - 17:33 AMT
Freedom House-ը հրապարակել է ՀՀ-ում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման 2-րդ փաստաթուղթը

Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի երկրորդ փաստաթուղթը, հայտնում է Freedom House Armenia-ն։

Տվյալ համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը: Քաղաքականության համառոտագիրն ընդգրկում է մի շարք կարևոր ոլորտային առաջարկություններ:

Նշվում է, որ համացանցի բովանդակության կարգավորումը համաշխարհային մարտահրավեր է տարբեր երկրների կառավարությունների, ինտերնետ կապ ապահովող մասնավոր միջնորդ կազմակերպությունների և ինտերնետ օգտագործողների համար:

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է ապահովել նուրբ հավասարակշռություն անհատի իրավունքների, ինչպիսիք են տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, և հանրային իրավաչափ շահերի միջև։ Հայաստանում այդ հավասարակշռությանը հասնելու և այն պահպանելու համար առանցքային նշանակություն ունի առցանց բովանդակության կարգավորման իրավական դաշտի ստեղծումը՝ Հայաստանի Սահմանադրությանը և ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպական Միության (ԵՄ) առջև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։