18 հունիսի 2024 - 18:49 AMT
Տեղի համայնքապետ. Այն տեղերում, որտեղ ՀՀ և Ադրբեջանի սահմանը հայտնի է, փշալարեր են անցկացվում

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը կոնկրետ հայտնի է, այդ տարածքներում փշալարեր են անցկացվում թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական, հայտնում է Factor.am-ը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ սահմանի այն հատվածներում, որտեղ կան շեղումներ, այդտեղ փշալարեր չեն անցկացվում։

«Որտեղ ամեն մարդ իրա սահմանը ճանաչում է, այդտեղ է փշալար քաշվում, իսկ որտեղ որ մտած են, փշալար չի քաշվում։ Նոր են սկսել այդ գործընթացը, տեղեր կան, որ քաշել են, բայց ոչ բոլոր վայրերում են այդ փշալարերն անցկացվում։ Այնտեղ է փշալար քաշվում, որտեղ, որ տարածքները ճշտված են, որտեղ մեր պաշտպանության բանակն է կանգնած և իրենցը։ Դա նոր գործընթաց չէ, եղել էլ է․ անասունի համար է փշալար քաշվում, որ չանցնեն, դա ի՞նչ է, դա նշանակում է սահմանազատո՞ւմ, կամ սահմանագծո՞ւմ»,- իր հերթին հարցադրում է արել համայնքապետը։

Ղուլունցի դիտարկմամբ այս դեպքում սահմանազատման և սահմանագծման մասին կարելի էր խոսել, եթե փշալարեր անցկացվեին այն հատվածներում, որտեղ զորքերի առաջխաղացում է եղել։

«Կոնկրետ մեր տարածքում նման բան չկա, որ սահմանագծում և սահմանազատում անեն և փշալար քաշեն, չկա, պաշտոնապես ասում եմ»,- պնդել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև Կոռնիձոր բնակավայրում։ Դավիթ Ղուլունցը նշել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել, բայց սահմանազատման մասով վարչապետին հարց չի տվել։

Սյունիք այցելության ժամանակ Փաշինյանը բնակիչների հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում։ Կոռնիձորում «Ազատության» հետ զրույցում նա չէր բացառել, որ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի։ «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»։