19 հունիսի 2024 - 13:00 AMT
Բագրատ սրբազան․ Շարժումը դառնալու է երկրում օրակարգ թելադրողը՝ պայքարը շարունակվում է

«Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հետագա անելիքների մասին, ասել է, որ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է երկրում օրակարգ թելադրողը։ Նա հավելել է, որ պայքարը շարունակվում է, առաջիկա ամիսների ընթացքում իրենք որևէ կերպ հրապարակը չեն լքելու, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ հունիսի 12-ը ջրբաժան էր՝ «պայթող ռումբերը (լուսաձայնային նռնակները, խմբ.) վկայում են, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ աթոռը պահելու համար», հայտնում է «Ազատությունը»։

«Ճնշումերը շարունակվում են մեր աջակիցների վրա, բայց վախեցնել չի հաջողվի։ Քաղական բոլոր լուծումները սեղանի վրա են, իմպիչմենտի հարցը ևս։ Մեզ համար կարևորն արդյունքի հասնել է, քարացած մի ճանպարհով գնալու շարժում չէ», - հայտարարել է նա։

Նա նշել է, որ քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկումները, հանդիպումները շարունակվում են։

Սրբազանը նաև ասել է, որ ստեղծում են մեծ թվով խոսնակների ինստիտուտ, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ շարժումն ընդգրկելու է Հանրապետության ամբողջ տարածքը։

«Մեր պայքարի սկզբնավորությունը եղել է ճշմարտության մասին, մնացել է ճշմարտության մասին, շարունակվելու է ճշմարտության մասին։ Դա այլընտրանք չունի, քան հաղթանակը։ Մեր պայքարի գաղափարը, օրակարգը հաշտության մասին է ու այդպես էլ մնալու է, դա այլընտարնք չունի։ Իսկ այդ պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանության հեռացումը, հրաժարեցումը, որը միայն մեկ բաղադրիչն է։ Սա ավելին է, քան իշխանության, արժեքների փոփոխության մասին է»,- ասել է Բագրատ սրբազանը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։