19 հունիսի 2024 - 13:34 AMT
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում հանդիպել է մի քանի երկրների դեսպանների հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններից մի քանիսի հետ։ Նա այդ մասին տեղեկացրել է X–ի իր միկրոբլոգում։

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և ՀՀ պաշտոնյաների հետ, որի նապտակն էր քննարկել Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Մենք միասին ձգտում ենք աջակցել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Հանուն հետագա գործընկերության և ընդհանուր բարգավաճման»,– նշել է նա:

Հրապարակված լուսանկարից երևում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ, Ֆրանսիայի, ԵՄ դեսպանները, ինչպես նաև Հնդկաստանի դեսպանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։

Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։