19 հունիսի 2024 - 14:09 AMT
Բագրատ սրբազան․ Հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարցեր ունի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, որն առեղծվածային կերպով մոտ 1 օր անհետացել էր և ոչ ոք նրա մասին տեղեկություն չուներ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ խոսելով շարժման ընթացքի և գալիք զարգացումների մասին։

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանության և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո Սուրեն Պետրոսյանի տեղն անհայտ էր։ Նա շուրջ 1 օր անց էր կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նրան առևանգել են, ԱԱԾ–ում է եղել և նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչը անձամբ Պետրոսյանը հերքեց։

«Սուրեն Պետրոսյանին ես հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը, ինքը եղելությունը պատմել է, ես էլ ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է։ Նա խնդրեց, որ արտերկիր մեկնի հենց այդ երեկոյան, բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,– ասել է սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Պետրոսյանը պատմել է սրբազանին, որ իրեն մոտեցել է մի քանի անձ, ապա նստեցրել են սև մեքենա ու տարել Հրազդան քաղաք, ինչ–որ առանձին տեղ։

Սրբազանն ընդգծել է, որ վերջնական խոսակցությունից հետո կորոշեն` Պետրոսյանի հետ միասին են ճանապարհն անցնում, թե ոչ։ Սրբազանը շեշտել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է կարողանա հաստատել, որ նա առևանգվել է, ու դրան համապատասխան գործընթացներ կսկսվեն։

Սրբազանն ասել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, ավելի մասշտաբային կլինեն։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։