19 հունիսի 2024 - 16:58 AMT
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության` ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին։ Այդ մասին հայտել է Իրանի նախարարների կաբինետի խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին։

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը, հայտնում է Արմենպրեսը Fars-ի վրա հղումով։

Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է Իրանի Մեջլիսին։

Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այնուհետև հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։