20 հունիսի 2024 - 11:49 AMT
Գալուզին․ Հուսով ենք՝ Երևանում կհասկանան ՀԱՊԿ-ի արդյունավետությունը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, արձագանքելով տեղեկությանը, որ ՀՀ–ն չի մասնակցելու ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին, ասել է՝ Մոսկվայում ակնկալում են, որ Երևանում կհասկանան՝ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորությունները տալիս է տարածաշրջանային անվտանգության հարցում գործակցության համար։

«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցը համագործակցությունն է տարածաշրջանային պետությունների միջև և ՀԱՊԿ հարթակը տալիս է դրա համար բոլոր հնարավորությունները»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։