20 հունիսի 2024 - 14:03 AMT
Ինքնագլորներով երթևեկել կթույլատրվի 18-ից բարձր, նաև 16-ը լրացած և AM կարգի վարելու իրավունք ունեցողներին

Հայաստանում կկարգավորվի ինքնագլորների երթևեկությունը։ Գործադիրը օրենքների նախագծեր է ընդունել, որի արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթևեկությանը ներկայացվող պահանջները, դրանք խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ։

Նշվել է, որ մեծ տարածում են գտել ինքնագլորների՝ չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների օգտագործումը, ինչը ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն, վարչարարություն չի իրականացվում։

Նախագծով սահմանվել են այդ միջոցների երթևեկությանը ներկայացվող հետևյալ պահանջները․

18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից տեղաշարժման միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝ հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։ Արգելվում է ինքնագլորով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող):

Նախագծով նախատեսվում է ինքնագլորների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից տեղաշարժման այդ միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերի իրականացումը՝ առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հաջորդ փուլում կամ մոտակա ժամանակներում կազմակերպիչների համար ձևակերպել նաև ապահովագրության հարց, քանի որ այն երրորդ անձանց վնասների պատճառման աղբյուր է հանդիսանում:

Արձագանքելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ապահովագրությանը նախատեսվում է անդրադառնալ երկրորդ փուլում։